Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն Արցախում ֆոսֆորային զինամթերք է կիրառել։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը պատկանում է հրկիզողների տեսակին։ Դրանք թթվածնի ազդեցությամբ ինքնահրկիզվում են և կիրառվում խոցման տարածքն այրելու համար։
Օրերս շրջակա միջավայրի նախարար ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:
Նա միջազգային բնապահպանական հանրությանը տեղեկացրել է‚ որ լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Նախարարը նշել է‚ որ դա կարող է անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Ընդգծվել է‚ որ այդ տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
«Այդ կանխատեսված հարձակումներն ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներով շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով»‚- ասված է նախարարի նամակում: Նա նաև կոչ է անում միջազգային հանրությանը` դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, նրանց ենթարկել պատասխանատվության և կանխել հնարավոր լայնամասշտաբ հարձակումները:
Մենք զրուցեցինք Հայաստանի կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հետ‚ որը ներկայացրեց‚ թե ինչ հետևանք կունենա ֆոսֆորային զենքի կիրառումը բնության և մարդու առողջության վրա։
Հակոբ Սանասարյանն ընդգծում է‚ որ ֆոսֆորային զենքերը՝ որպես քիմիական զինատեսակ‚ արգելված են. «Դրանք առաջացնում են խոր այրվածքներ. քանի դեռ սպիտակ ֆոսֆորն օրգանիզմի վրա է‚ այն անընդհատ խորանում են։ Ֆոսֆորային զենքը‚ դրանից առաջացած թունավոր խեղդող գազը մեծ ազդեցություն են ունենում շնչառության վրա‚ սպիտակ ֆոսֆորը հեշտությամբ օրգանիզմում ներծծվում է։ Ամենավատ վտանգներից է այն‚ որ հոգեբանական սոսկալի ազդեցություն ունի բնակչության‚ գուցե և կենդանիների վրա։ Ֆոսֆորային զենքից առաջացած հրդեհին Արցախի դարավոր անտառները‚ այնտեղ գտնվող կենդանական աշխարհը չեն դիմանա‚ եթե այդպես շարունակվի»։ Ըստ բնապահպանի՝ օդի մեջ ֆոսֆորը երկար մնալ չի կարող‚ քանի որ թթվածնի հետ շփվելով ինքնաբռնկվում է։
Պարոն Սանասարյանը նշում է‚ որ Հայաստանի բնապահպանական կառույցները դիմել են միջազգային կառույցներին. «Կանաչների միությունը‚ դժբախտաբար‚ չկարողացավ մասնակցել։ Մոտ 50 կազմակերպություն Հայաստանից նամակ է հղել միջազգային հեղինակավոր այն կազմակերպություններին‚ որոնց խնդիրը էկոլոգիական անվտանգության ապահովումն է։ Մենք պետք է ակտիվ ջանքեր գործադրենք միջազգային կազմակերպությունների շրջանում‚ որպեսզի Ադրբեջանը‚ Թուրքիան դատարանի առաջ պատասխան տան‚ ինչպես նաև բոլոր այն պետությունները‚ որոնք այդ զենքը մատակարարում են Ադրբեջանին։ Որքան գիտեմ‚ ՈՒկրաինան‚ Իսրայելը նույնպես մասնակից են դրան»։
Ըստ պարոն Սանասարյանի՝ 1914-15 թվականներին‚ Երկրորդ համաշխարհային‚ Իրաքյան պատերազմների ժամանակ օգտագործվել է նման զենք. «Սակայն ես տեղեկություններ չունեմ‚ թե համապատասխան ատյան կոչվածները պատասխանատվության ենթարկե՞լ են այդ զենքն օգտագործողներին‚ թե՞ ոչ»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ